Գրոհայինները զինված հարձակում են կազմակերպել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի հարեւանությամբ: Լրատվամիջոցները հայտնել են կրակոցների եւ պայթյունների մասին:
ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, վկայակոչելով AFP-ին, հայտնում է, որ ԱՄՆ-ի դեսպանատան շենքում միացել են ազդանշանային սարքերը: Բարձրախոսով հայտարարվել է, որ ազդանշանն ուսումնական չէ: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ զինված խումբը զավթել է միջազգային օդանավակայանի հյուսիսային հատվածում կառուցվող շենքը:
Քաբուլի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում, թռիչքները դադարեցվել են:
Lenta.ru-ն հայտնում է, որ «Թալիբան» շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Հարձակման թիրախն է եղել օդանավակայանի ռազմական մասը: Հնարավոր սպանվածների եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:
Քաբուլի օդանավակայանի հարեւանությամբ գտնվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը:


























