Եվրոպայում ջուրը շարունակում է գրոհել. Դանուբ գետի մակարդակը բարձրացել է պատմական առավելագույնի: Գետի ափերը ամրացնում են, բայց այդ միջոցառումները քիչ են օգնում: Հունգարիայում ջրի տակ են անցել բնակավայրեր, Բուդապեշտի բնակիչները ստիպված են լքել իրենց տները: Բացի այդ, տարհանում են Գերմանիայի մի քանի քաղաքների բնակիչներին:

Էլբայի վրա կառուցած ամբարտակը հաղթահարելով ջուրը բարձրացել է 7 մետր: Ջրի տակ մնալու վտանգի տակ են հայտնվել տրանսֆորմատորային կայանները:

Հորդառատ անձրեւները հասել են նաեւ Լեհաստան, Վարշավայում ջրի տակ են մնացել ստորգետնյա անցումները եւ մետրոյի կայարանները, գրում է Vesti.ru-ն: Վարշավայի արվարձանում ճանապարհներից մեկը մեքենաներով հանդերձ ջրի տակ է անցել, իսկ մեկ այլ մայրուղի վերջնականապես խցանվել է՝ բազմաթիվ վթարների պատճառով:

«Նման բան չեմ տեսել ոչ ես, ոչ իմ ծնողները, ոչ էլ ծնողներիս ծնողները»,-ասել է Հունգարիայի բնակիչներից մեկը: