Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դուբայի ոստիկանապես Դահի Խալֆանը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին եւ իսրայելական հետախուզության` «Մոսադի» ղեկավար Մեհիր Դագանին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Հալֆանը դիմել է Դուբայի դատախազին՝ առաջարկելով Նաթանյահուին եւ Դագաին կալանելու սանկցիա տալ` կապված այս տարվա հունվարին «Համաս» խմբավորման առաջնորդներից Մահմուդ ալ-Մաբխուխի սպանության հետ: Խալֆանը վստահություն է հայտնել, որ ալ-Մաբխուխի սպանության թիկունքում կանգնած են իսրայելական հատուկ ծառայությունները:

Իսրայելի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել Դուբայում «Համասի» առաջնորդներից մեկի ոչնչացումը: Հիշեցնենք, որ ալ-Մաբխուխին հունվարի 19-ին գտել են սպանված Դուբայի հյուրանոցի իր համարում:

Հետաքննության տվյալներով, նրան Դուբայում ոչնչացնելու նպատակով, այդ երկիր են ժամանել եվրոպական երկրների եւ Ավստրալիայի կեղծ անձնագրերով մարդկանց մի խումբ: Ոստիկանությունը հաջողվել է պարզել, որ մարդասպանները «Համասի» ղեկավարին ներմկանային հանգստացնող նյութ են սրսկել, որպեսզի սպանությունն ավելի շատ նման լինի բնական մահվան, իսկ հետո բարձով խեղդել են նրան: