Կաունասի շրջանային դատարանը շարունակում է քրեական գործի քննությունը, որի 4 մասնակիցներից մեկը Ջոհար Դուդաեւի որդին է` Դեգին: 30-ամյա Դեգի Դուդաեւը մեղադրվում է Վիլնյուսում ապրող վրացիներին կեղծ անձնագրեր մատակարարելու մեջ: Նա գործել է հանցակիցների հետ:

Ինչպես հայտնում է Delfi.it-ն, Դուդաեւը դատարանում հայտնել է, որ պարզապես ցանկացել է օգնել մարդկանց: «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում այն բանում, որ փորձել եմ օգնել Կովկասի վտանգավոր տարածքներում ապրող մարդկանց: Ես ցանկացել եմ օգնել նրանց Եվրոպա հասնել: Դրանք երեխաներ ունեցող ընտանիքներ են: Այդուհանդերձ, ես չգիտեմ, թե նրանք հետագայում ուր են պատրաստվում գնալ, ես միայն ուզում էի օգնել նրանց Եվրոպա գնալ»,- ասել է Դուդաեւը լրագրողներին:

Ինչպես հայտնում է Postimees-ը, Կաունասի շրջանային դատարանը որոշել է ընդմիջել դատը: Ընդմիջումն արվել է այն ժամանակ, երբ պարզվել է, որ Դուդաեւ կրտսերը չի ստացել մեղադրական ակտի ռուսերեն թարգմանությունը: Թեպետ նա պնդել է, որ մի փոքր հասկանում է լիտվերեն, որոշում է կայացվել, որ դատը չի կարող իրականացվել այն պայմաններում, երբ ամբաստանյալը ծանոթ չէ իրեն ներկայացված մեղադրանքներին:

Դատական մյուս նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին:

Դեգի Դուդաեւը ձերբակալվել է 2011թ Կաունասում: Սահմանապահները 7 կեղծ անձնագիր են գտել նրա մեքենայում: Դուդաեւն այդ մեքենայով Կաունասից Վիլնյուս էր գնում: Նա այդ կեղծ անձնագրերը տանում էր Վիլնյուսում ապրող վրացիներին: