Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ հունիսի 10-ին, ընդունել է Ֆրանսիայի Սեպտեմի քաղաքապետ Անդրե Մոլինոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քաղաքապետը Հրանուշ Հակոբյանին ներկայացրել է իրենց քաղաքում իրականացվող հայանպաստ ծրագրերն ու դրանց իրագործման մեխանիզմները:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2007-ին Սեպտեմ քաղաքում ստեղծվել է հայերի միություն, որի ջանքերի արդյունքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի Գավառի մանկատան սաներին օգնելու նպատակով: Միության ներկայացուցիչները ամեն տարի այցելում են մանկատուն, հագուստով եւ այլ ապրանքներով հոգում մանկատան կարիքները: Այս տարի ծրագրվել է բարեկարգել մանկատանը կից այգին: Սեպտեմի քաղաքապետը նշել է, որ հուլիսին իրենց քաղաքի տոնն է լինելու եւ մանկատան 10 սաներ կհյուրընկալվեն իրենց քաղաքում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին եւ մասնավորապես նշել. «Ֆրանսիացիները մեր այն բարեկամներն են, ովքեր 1915-ին կանգնեցին հայերի կողքին, աջակցեցին եւ թույլ չտվեցին, որ նրանք կորցնեն իրենց ինքնությունն ու լեզուն: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ֆրանսիայում հայերը կայացել են որպես Ֆրանսիայի արժանավոր քաղաքացիներ, իրենց ուժերն են ներդրել հայ համայնքի կայացման եւ կամուրջ դարձել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում»:

Հանդիպման ավարտին քաղաքապետը նախարարին նվիրել է Սեպտեմ քաղաքի մասին պատմող գիրք, որը չի խմբագրվել եւ սրբագրվել, այն ուղղակի կազմվել է քաղաքի բնակիչների կողմից: