Այսօր՝ հունիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի եւ ԱԷՄԳ միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ունեն ընդլայնման եւ խորացման ուղղվածություն:
Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարեւորել է, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:
Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:
ԱԳ նախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության եւ հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:




























