Ռուսական իշխանությունները պատրաստ են քաղաքական ապաստան տրամադրել ինֆորմատոր Էդվարդ Սնոուդենին, որը ի լուր աշխարհի հայտարարել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ եթե նման դիմում ստացվի, այն կքննարկվի», գրում է «Կոմերսանտը»։

Իրավիճակը մեկնաբանել է նաեւ Դումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ Ռոբերտ Շլեգելը։ Ըստ նրա՝ Սնոուդենին Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելը «լավ գաղափար» է, հայտնում է rbc-ն։

 Հիշեցնենք, ԱՄՆ-ում գաղտնալսման սկանդալային գործի մասին տեղեկություններ հաղորդող Էդվարդ Սնոուդենը փախել է Հոնկոնգի The Mira հյուրանոցից: ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի միջեւ արտահանձնման վերաբերյալ պայմանագիր գործում է, սակայն Սնոուդենի դեպքում դրա կիրառումը կարող է արգելափակվել Չինաստանի իշխանությունների կողմից։

Սպիտակ տան կայքում Սնոուդենին ներելու հայցադիմումն ավելի քան  37 հազար ստորագրություն է հավաքել:

Dni.ru-ն գրում է, որ Սնոուդենին աջակցել է նաեւ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը նրան խորհուրդ էր տվել ապաստան որոնել Լատինական Ամերիկայի երկրներում։ Սակայն Սնոուդենը հայտարարել էր, որ հակված է Իսլանդիայում ապաստանելուն։