Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» ծրագիրը: Եռամյա ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ քաղաքացիական հասարակությանը, որպեսզի միասին իրականացնեն որոշումների կայացման գործընթացը` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու կարիքները:
Ծրագրի առաջին` «Future Search» համաժողովը, կազմակերպվելու է հունիսի 12-ից-14-ը: Համաժողովին մասնակցելու են կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց ուշադրության կենտրոնում են լինելու ոլորտի առկա խնդիրները, քննարկելու են լուծման հնարավորությունները եւ կազմելու գործողությունների ծրագիր:
Համաժողովին մասնակցելու են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով հետաքրքրված եւ ոլորտում դերակատարություն ունեցող շահագրգիռ բոլոր կողմերը` նպատակ ունենալով ապահովել ոլորտի համապարփակ եւ ընդգրկուն քննարկում: Համաժողովը կվարի Միացյալ Թագավորությունից ժամանած փորձագետ Մայքլ Մուրը:
«Future Search» համաժողովից հետո լրագրողներից, ՀԿ-ների եւ կառավարության ներկայացուցիչներից կազմված խմբերն աշխատելու են ՏԻՄ որոշումների կայացման համակարգի եւ ձեռնարկների մշակման ուղղությամբ, որոնց նպատակն է լինելու հստակ քայլերի եւ խորհրդատվության միջոցով ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ներգրավման մեխանիզմները որոշումների ընդունման գործընթացում: IDEAS ծրագրի ընթացքում կազմակերպվելու են համաժողովներ, փորձի փոխանակման այցելություններ Միացյալ Թագավորություն, Հորդանան եւ Ուկրաինա:
Ծրագիրն իրականացվում է վեց երկրում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հորդանան, Լիբանան եւ Ուկրաինա: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Հայաստանում ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի եւ «Ունիսոն» ՀԿ-ի հետ համատեղ, իսկ մյուս հինգ երկրներում՝ տեղի գործընկեր կազմակերպությունների հետ:




























