Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ-ն ողջունել է Մոնսերատ Կաբալյեի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նշելով, որ նրա ներկայությունը մեծ խանդավառություն ու ոգեւորություն է առաջացրել հայ ժողովրդի զավակների մոտ, ովքեր առանձնակի սեր ունեն երաժշտության հանդեպ:
Խոսելով Հայաստան կատարած այցելությունից ստացած իր տպավորությունների մասին՝ Մոնսերատ Կաբալյեն իր հերթին նշել է, որ այս այցելությունն իր համար ուխտագնացություն է՝ Հայաստանն անվանելով քրիստոնեական հավատի բաց սիրտը:
Ջերմ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց Եկեղեցու պատմությանը, հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու դերակատարությանը, հայ հոգեւոր երաժշտությանը եւ մարդկության կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարեւորությանը: Կարեւորվեց նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել աշխարհահռչակ երգչուհուն:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ում ուղեկցությամբ տիկին Կաբալյեն այցելել է նաեւ Մայր Տաճար եւ Մայր Աթոռի թանգարաններ:



























