ԱՄՆ-ում հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիներին հետեւելու փաստով բռնկված սկանդալից հետո առաջիկայում նր, աղմկահարույց բացահայտումներ են սպասվում: Այդ մասին հայտարարել է բրիտանական Guardian թերթի լրագրող Գլենն Գրինվալդը:
Նա նշել է, թե փաստաթղթերը, որ տրամադրել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, կարող են դառնալ եւս «տասնյակ պատմությունների» աղբյուր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Guardian-ը հրապարակել էր Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ ամերիկայն Verizon հեռահաղորդակցային ընկերությունը պարտավորվել էր ԱՄՆ իշխանություններին հանձնել բոլոր զանգերի մասին տեղեկատվություն: Washington Post թերթն իր հերթին հայտնել էր PRISM գաղտնի ծրագրի առկայության մասին, որով հատուկ ծառայությունները մուտք են գործում խոշորագույն IT-ընկերությունների, ներառյալ՝ Facebook-ի, Apple-ի եւ Google-ի հաշիվներ:
Սնոուդենը ԿՀՎ նախկին աշխատակից է, որ պայմանագրով աշխատել է Ազգային անվտանգության գործակալության հետ որոշ տեխնիկական նախագծերի վրա: Նա փախել է Հոնգկոնգ՝ մամուլին տեղեկություններ տալուց հետո: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սնոուդենը հեռացել է Հոնգկոնգի հյուրանոցից:


























