Իսլամաբադի Գերագույն դատարանը հունիսի 11-ին վճռել է 500 հազար պակիստանյան ռուփի (շուրջ հինգ հազար դոլար) գրավի դիմաց ազատել նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆին, որը տնային կալանքի տակ է գտնվում: Վճիռը կայացվել է արտակարգ դրություն հայտարարելու եւ դատավորների ձերբակալման գործի շրջանակներում:

Մուշարաֆը ձերբակալվել էր ապրիլի 19-ին, նա մեղադրվում է երեք քրեական գործերով՝ 2007թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության,  արտակարգ դրություն հայտարարելու եւ դատավորների ձերբակալման, եւ 2006թ. Բելուջստանում ռազմական գործողության ժամանակ Բելուջիստանի ազգայնականների առաջնորդ  Աքբար Բուգտիի սպանության: 

Մայիսին Բհուտոյի սպանության գործի համար կալանքը հանվել էր:

Ընդ որում, հունիսի 11-ին Բելուջստան նահանգի մայրաքաղաքի ահաբեկչության գործերով դատարանը մերժել էր Մուշարաֆի պաշտպանության դիմումը՝ վերջինիս 2006թ. Բուգտիի սպանության գործով գրավի դիմաց ազատելու վերաբերյալ: Գործի քննությունը Քվեթայից Իսլամաբադ, որի մերձակայքում գտնվող իր առանձնատանն է անցկացնում տնային կալանքը,  տեղափոխելու մասին Մուշարաֆի խնդրանքը մերժվել էր:  Այդպիսով, նախկին նախագահը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: