ԵՄ-ը պատրաստվում է «խստորեն պարտադրել» ԱՄՆ-ին հարգել եվրոպացիների անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը: Այս մասին հայտնում է AFP-ն` հղում անելով ԵՄ-ի առողջապահության հարցերով հանձնակատար Տոնիո Բորգին: Բորգի խոսքերով` ԵՄ-ի արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիան Ռեդինգն այդ հարցը կբարձրացնի հունիսի 14-ին կայանալիք երկկողմանի հանդիպման ժամանակ:

Տ. Բորգը նշել է, որ ԵՄ-ը ԱՄՆ-ից կպահանջի պարզաբանել, թե ինչպես է գործում PRISM համակարգը, որը թույլ է տալիս տեղեկություններ հավաքել համացանցից օգտվողների մասին: Ըստ Lenta.ru-ի` ԵՄ-ին հետաքրքրում է, թե արդյոք այդ համակարգի կիրառումը սահմանափակվում է միայն կասկած ներշնչող ինֆորմացիա հավաքելով, թե այն թույլ է տալիս մեծ քանակությամբ տեղեկատվություն հավաքել:

Հիշեցնենք, որ PRISM համակարգի գոյության մասին ԶԼՄ-ները հայտարարել են հունիսի 6-7-ին: Այս մասին նրանց հայտնել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի ուշ որոշել է բացահայտել իր ինքնությունը: PRISM-ի նկարագությունից հետեւում է, որ այն թույլ է տալիս տեղեկատվություն ձեռք բերել ամերիկյան խոշոր ընկերություններից, այդ թվում` Microsoft-ից, Yahoo!-ից, Google-ից, Apple-ից եւ AOL-ից օգտվողների մասին:

Պաշտոնական Վաշինգթոնը հաստատել է այս տեղեկատվությունը, սակայն ընդգծել է, որ այն հետեւում է միայն ԱՄՆ-ի տարածքում չգտնվող արտասահմանցիներին: