Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկել է երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների եւ քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ներկայացվել է 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստին ելույթներով հանդես են եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում` ԵՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացրեցին հռչակագրում տեղ գտած ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչեւ 2015թ. հիմնական թիրախային տաս նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի եւ իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները: 

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել, որ, թեեւ աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետեւանքով մահացության դեպքերի նվազման հանգամանքին, Արեւելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ: Նա նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում եւ հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաեւ լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայնման, խորհրդատվական եւ ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ: 

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ, թեեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերջին տարիներին ԶԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրանացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է՝ հավելելով, որ ՀՀ ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը՝ դեսպանը Նազարյանը նշել է, որ անհրաժեշտ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաեւ 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում եւ ծրագրերում: