Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, այսօր՝ հունիսի 11-ին, Բաքվում հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիքի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում ընթացող Պաղեստինի օգնությանն ուղղված դոնորական կոնֆերանսի շրջանակներում, որը կազմակերպել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Հանդիպման ժամանակ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Պաղեստինին եւ հանդես է գալիս մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ երկու պետությունների ստեղծման սկզբունքի հիման վրա, հաղորդում է anspress-ը:

Միաժամանակ, ինչպես գրում է Haqqin.az-ը, Մամեդյարովի նման հայտարարությունը զարմանք է հարուցում՝ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ռազմավարական համագործակցության ֆոնին:

«Սա հերթական խառնաշփոթն է ստեղծում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, որը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների ընտրության հարցում: ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունն իր ոգով փաստացի հակաիսրայելական բնույթ է կրում, քանի որ դեմ է հանդես գալիս Իսրայել պետության ռազմավարական նպատակներին եւ խնդիրներին»,-ասված է կայքի հաղորդագրությունում: