Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության որոշումը չի վերանայվի: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:
Նրա խոսքով՝ Աֆղանստանի Գիլմենդ նահանգում վրացական զորախմբի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո իր համար մարդկայնորեն հասկանալի են բնակչության տրամադրությունները, ցանկությունը, որ Վրաստանի զորախումբը լքի Աֆղանստանի տարածքը, «քանի որ այդ ողբերգությունը ծածկում է ամեն ինչ»: Սակայն, ըստ Փանջիկիձեի, այդ առաքելությանը Վրաստանի մասնակցությունը շատ կարեւոր է, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
«Դա Վրաստանի ներդրումն է միջազգային խաղաղապահ առաքելությանը, որը պայքարում է ահաբեկչության դեմ եւ ապահովում գլոբալ անվտանգություն: Դա լավ են հասկանում զինվորականները, որոնք ծառայում են Աֆղանստանում եւ այդպիսով պաշտպանում իրենց հայրենիքը: Գլոբալ անվտանգությունը պետք է պաշտպանեն բոլորը: Միջազգային պատասխանատվությունն ընկնում է բոլոր երկրների վրա: Վրաստանը կշարունակի իր առաքելությունը եւ այդ հարցը չի վերանայվի»,-ընդգծել է Մայա Փանջիկիձեն:




























