Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի խոշոր ավիափոխադրող «Air Arabia»-ն 2013թ. օգոստոսից կսկսի շաբաթական երկու չվերթ իրականացնել դեպի Հայաստան, հաղորդում է  «Saudi Gazette»-ը:

Թերթը նշում է, որ ԱՄԷ-ից թռիչքը դեպի Երեւան կտեւի երեք ժամ: «Հնագույն Երեւան քաղաքը երկրի մայրաքաղաքն է եւ աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը,  որն առաջարկում է թանգարանների, այգիների, ռեստորնների եւ տեսարժան վայրերի լայն սպեկտր»,-գրում է  պարբերականը:

Չվերթները կիրականացվեն ԱՄԷ Շարջիի միջազգային օդանավակայանից` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին` ժամը 08:30-ին, իսկ «Զվարթնոց» կհասնեն  ժամը 11:15-ին: Հակառակ  չվերթները կիրականացվեն նույն օրերին: Օդանավերը Երեւանից դուրս կգան ժամը 12:35-ին եւ Շարջի կհասնեն 15:40-ին:

«Հայաստանը հետեւողականորեն ձգտում է դառնալ պարտադիր այցելության վայր այն զբոսաշրջիկների համար, ովքեր մեծ մշակույթ եւ պատմություն են փնտրում` հիասքանչ բնապատկերների հետ»,-ասել է «Air Arabia» -ի գործադիր տնօրեն Ադել Ալին: