Եմենը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած հարյուրերորդ երկիրը, հունիսի 11-ի երեկոյան իր թվիթերում գրել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը: «Ես զրուցել եմ Եմենի արտգործնախարար Աբու Բաքր ալ-Կուրբիի հետ, որը հաստատել է Կոսովոյի Հանրապետության պաշտոնական ճանաչումը», - գրել է Հոջայը, մեջբերում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Կոսովոն 2008թ. փետրվարին միակողմանի հռչակել էր իր անկախությունը Սերբիայից : Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը 2010թ. հուլիսին վճռել էր, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի կանոններին:

Սերբիան հրաժարվում է Կոսովոն ինքնուրույն պետություն ճանաչելուց, որի տարածքում ապրում են տասնյակ հազարավոր սերբեր:

2013թ. ապրիլին Սերբիայի եւ Կոսովոյի առաջնորդները երկարատեւ բանակցություններից հետո  հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագիր էին ստորագրել: Սակայն արդեն մայիսի վերջին կողմերը հասցրել էին պայմանագրի դրույթները չկատարելու փոխադարձ մեղադրանքներ փոխանակել։