Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (American Civil Liberties Union, ACLU) դատական հայց է ներկայացրել լրտեսման դեմ, որ իրականացնում են ԱՄՆ հատուկ ծառայությունները:
ACLU-ի անունից հայցը ներկայացվել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան: Հայցվորները պնդում են, թե կառավարական մարմինները, լրտեսում իրականացնելով, խախտում են խոսքի ազատության եւ անձնական կյանքի իրավունքը՝ երաշխավորված Սահմանադրությամբ: ACLU-ն խնդրում է հեռախոսների գաղտնալսման լայնածավալ ծրագիրն ապօրինի ճանաչել, անհապաղ փակել այն, նաեւ պարտավորեցնել հատուկ ծառայություններին ոչնչացնել հեռախոսների գաղտնալսմամբ հավաքված ողջ տեղեկատվությունը:
Նախկինում ACLU-ն արդն փորձ արել է դատարանում պաշտպանել ամերիկացիների անձնական կյանքի իրավունքը, սակայն ապարդյուն: Փետրվարին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ACLU-ի հայցը՝ առանց դատարանի հեռախոսների գաղտնալսումն ապօրինի ճանաչելու վերաբերյալ, հայտնում է Russia Today-ը:
Հիշեցնենք, որ Guardian-ը հրապարակել էր Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ ամերիկայն Verizon հեռահաղորդակցային ընկերությունը պարտավորվել էր ԱՄՆ իշխանություններին հանձնել բոլոր զանգերի մասին տեղեկատվություն: Washington Post թերթն իր հերթին հայտնել էր PRISM գաղտնի ծրագրի առկայության մասին, որով հատուկ ծառայությունները մուտք են գործում խոշորագույն IT-ընկերությունների, ներառյալ՝ Facebook-ի, Apple-ի եւ Google-ի հաշիվներ:
Սնոուդենը ԿՀՎ նախկին աշխատակից է, որ պայմանագրով աշխատել է Ազգային անվտանգության գործակալության հետ որոշ տեխնիկական նախագծերի վրա: Նա փախել է Հոնգկոնգ՝ մամուլին տեղեկություններ տալուց հետո: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սնոուդենը հեռացել է Հոնգկոնգի հյուրանոցից:




























