Հունաստանում փակվել է պետական ERT հեռուստատեսությունը եւ ռադիոն: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն հայտնել է, որ ERT-ի հետ միասին կստեղծվի «ժամանակակաից, բայց ոչ պետական հեռարձակման կազմակերպություն»: Նա վստահեցրել է, որ անձնակազմը կստանա համապատասխան փոխհատուցում եւ հավելել, որ նոր կազմակերպությունում ավելի քիչ աշխատակիցներ կլինեն:
«Այն ժամանակ, երբ հույն ժողովուրդը վնասներ է կրում, չպետք է լինեն «սուրբ կովեր», որոնք անփոփոխ են մնում ցանկացած պայմաններում... Հունական հեռուստատեսությունն ու ռադիոն ոչ թափանցիկության եւ անհավանական վատնումների բացառիկ օրինակ են»,-հունիսի 11-ին հայտարարել է Կեդիկօղլուն: Նրա խոսքով՝ հեռարձակման նոր կառույցն իր աշխատանքը կսկսի մոտ ժամանակներս, որի արդյունքում կհաջողվի տնտեսել մինչեւ 100 մլն եվրո, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հունական ERT պետական հեռուստատեսությունն ու ռադիոն հունիսի 11-ին, ժամը 23:15-ին (Երեւանի ժամանակով 00:15-ին) դադարեցրել են հեռարձակումը: ERT-ի 3 ալիքների հետ միասին դադարեցվել է նաեւ մի քանի այլ հեռուստաալիքների հեռարձակումը, այդ թվում BBC-ն եւ «Գերմանական ալիք»-ը:
Այսօր՝ հունիսի 12-ին, ի նշան բողոքի հույն լրագրողների արհմիությունները 24-ժամյա գործադուլ են սկսել բոլոր լրատվամիջոցներում: Գործադուլը տպագիր լրատվամիջոցներում կսկսվի հունիսի 13-ին ժամը 06:00-ին: «Լրատվամիջոցների գործադուլը կդադարեցվի միայն այն ժամանակ, երբ կառավարությունը չեղյալ համարի այդ կամայական որոշումը, որոնք ստիպում են լրատվամիջոցներին լռել»,-հայտնել են արհմիությունների ներկայացուցիչները:




























