Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շարունակում են դասախոսությունները դեսպանատներում սեյսմապաշտպանության թեմաներով:
Հունիսի 11-ին հերթական դասախոսությունն անցկացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան անձնակազմի համար: Ռուսերենով ներկայացված դասախոսության թեման էր «Երկրաշարժեր. Անհրաժեշտ գործողություններն ուժեղ երկրաշարժների դեպքում» Հիմնական զեկուցողը Կարինե Բարսեղյանն էր, Համլետ Բիշարյանի եւ Հասմիկ Կիրակոսյանի մասնակցությամբ:
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում եւ օգտակար է եղել ներկաների համար: Ներածական խոսքում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան կարեւորել է դասախոսության թեման, քանի որ «իրենք նույնպես ապրում եւ աշխատում են Երեւանում»:
Շնորհանդեսի ավարտից հետո շնորհակալական խոսքով ելույթ է ունեցել դեսպանատան առաջին քարտուղար Իվան Զագորոդնին: Նա նշել է, որ նման հանդիպումները եւ համատեղ աշխատանքը սեյսմիկ պաշտպանության եւ ընդհանրապես աղետներին դիմակայելու գործում պետք է լինեն շարունակական: Իվան Զագորոդնին նաեւ գրավոր շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներին եւ նորանոր հաջողություններ մաղթեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմին` աղետակայուն պետություն կառուցելու գործում:
Հանդիպման վերջում ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները դեսպանատանը տրամադրել են ծալաթերթիկներ՝ սեյսմապաշտպանության վարքականոնների վերաբերյալ:




























