"Գուցե մեզ համար այնքան էլ վատ չէ, որ Ադրբեջանն այսօր հանդես է գալիս միջազգային հանրության համար անընդունելի ռազմաշունչ հայտարարություններով. այն նույն միջազգային հանրության, որը կողմ է ղարաբաղյան խնդրի լուծման աստիճանական անցումներին ",- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքով, հիմնախնդրի կարեւորագույն կետերից է շարունակում մնալ հայ փախստականների հարցը. «Քարոզչական ճակատում մենք լուրջ հետընթացներ ենք գրանցել, ինչը շուտափույթ շտկման կարիք ունի։ Եթե այսօր մեզ մեղադրում են այսպես կոչված „Խոջալուի ցեղասպանության“ եւ ադրբեջանցի փախստականների հարցում, ապա մենք, ունենալով բավականին լուրջ զինանոց եւ ազդեցության լուրջ մեխանիզմներ, պետք է ապացուցենք, որ հայերի՝ Ադրբեջանում թողած բնակֆոնդն ավելի մեծ է եղել, քան ադրբեջանցիներինը Հայաստանում»,- նշեց ԱԺ պատգամավորը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողքին նմանատիպ ձեւաչափի մեկ այլ կառույցի հնարավոր կազմավորմանն առնչվող խոսակցություններին՝ Վ. Խաչատրյանը գործնականում անհնարին համարեց դա՝ համոզմունք հայտնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնորդի դեր ստանձնած Ռուսաստանը չի ցանկանա եւ չի զիջի իր ազդեցությունն ու դիրքերը «սեփական վահանի ներքո» ձեւավորված մեկ այլ ուժի"։