Թումանյանի հեքիաթները բեմադրվում են երեք լեզվով. ֆրանսերեն, հայերեն եւ քրեոլերեն , որը Կարիբյան կղզիներիի պետական լեզուն է: Մանրամասները «Golden Tulip» հյուրանոցի «Օվալ» սրահում, այսօր՝ հունիսի 12-ին, մամուլի ասուլիսի ընթացքում պատմեցին նախագծի պատասխանատու եւ ղեկավար, բեմադրիչ` Սաթենիկ Խաչատրյանը եւ ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին:
Ասուլիսի ընթացքում քննարկվում էր մշակույթի միջոցով հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման խնդիրը, որի նպատակն է ճանաչելի դարձնել եւ տարածել հայ մշակույթը Ֆրանսիայում: Այդ առիթով «Սաթէ - Աթղը» թատերական միությունը բեմադրում է Հովհաննես Թումանյանի հեքիաթները վերոնշված 3 լեզվով:
«Այս նախագիծը արդեն հասցրել է հասնել մեծ հաջողության: Մենք ներկայացրել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը ավելի քան 10 քաղաքներում: Այժմ շատ արագ եւ ռիթմիկ աշխատանքներ ենք տանում, քանի որ հայ հանդիսատեսին նույնպես ցանկություն ունենք ցույց տալու մեր աշխատանքը: Հունիսի 15-ին եւ 16-ին ներկայացումը կցուցադրվի Երեւանում, 19-ին՝ Վարդենիսում, 20-ին՝ Գավառում, 27-ին՝ Սիսիանում, 30-ին՝ Գորիսում եւ հուլիսի 1-ին՝ Ջերմուկում:
Ընտրել ենք Հովհաննես Թումանյանի մի քանի հեքիաթներ ` «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը» եւ «Քաջ Նազարը», - պատմեց Սաթենիկ Խաչատրյանը:
Յաննիկ Լուին իր հերթին նշեց. «Չեմ կարող ասել թե ինչ զգացումներ ունեմ այս ամենի հետ կապված: Միայն նշեմ, որ շատ շնորհակալ եմ Սաթենիկին, քանի որ հենց նա ինձ ցույց տվեց ձեր մշակույթը եւ ծանոթացրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հետ: Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները համամարդկային արժեք ունեն եւ դրանք հետաքրքիր են յուրաքանչյուր մշակույթի ներկայացուցչի համար»:
«Իզուր չէ, որ ես ընտրեցի որպես դերասան հենց Յաննիկ Լուին: Դրանով ես ցանկացա ցույց տալ, որ անգամ ուրիշ մշակույթի ներկայացուցիչը, որն անգամ չգիտեր էլ մեր հեքիաթների մասին, կարող է հիանալի զգալ եւ ցույց տալ մերը: Մշակույթը համամարդկային արժեք է: Եկեք թույլ տանք, որ մեզնից բացի նաեւ օտարները պահեն եւ պահպանեն մեր մշակույթը», - ավելացրեց Սաթենիկ Խաչատրյանը:
































