France Telecom ֆրանսիական խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության ղեկավար Ստեֆան Ռիշարին հանցավոր խմբավորման կազմում մեքենայություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդի գործով:

Խոսքը 1993թ գործարար եւ քաղաքական գործիչ Բեռնար Տապիի կողմից Adidas ընկերության վաճառքի մասին է: Բեռնար Տապին նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի մտերիմներից է:

Ս. Ռիշարը եղել է Քրիստին Լագարդի աշխատակազմի ղեկավարը, երբ վերջինս զբաղեցնում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Այս մասին գրում է BFM.RU-ն:

Մայիսի վերջում այս գործով հարցաքննվել է ինքը Ք. Լագարդը: Դատարանը պարզել է, թե նա ինչ դեր է ունեցել Բ. Տապիի եւ պետության միջեւ առկա վեճի մեջ, որն ավարտվել է Տապիին 400մլն եվրո վճարելով:

1993թ Տապին իր Adidas սպորտային ընկերությունը վաճառել է Credit Lyonnais բանկին: Կարճ ժամանակ անց, երբ բանկը նույն ընկերությունը վաճառեց համեմատաբար ավելի բարձր գնով, Տապին խարդախության մասին հայտարարություն արեց: 2007թ այն ժամանակվա նախագահ Ն. Սարկոզին Ֆինանսների նախարարությանն առաջարկեց գործը փոխանցել արբիտրաժային դատարան ընթացքն արագացնելու համար: Արդյունքում Տապիին հատկացվեց շատ ավելի մեծ գումար, քան նա կարող էր դատարանից ակնկալել, ինչն էլ նրան թույլ տվեց նրան խուսափել սնանկացումից: