ԱՄՆ-ում նույն օրը երկու մահապատիժ են իրագործել: Ֆլորիդա եւ Թեքսաս նահանգներում հունիսի 12-ին  մահապատիժներն իրականացվել են մահացու ներարկման ճանապարհով:

Ըստ Associated Press-ի` Ֆլորիդայում մահապատժի էր ենթարկվել 58-ամյա Ուիլյամ վան Փոյքը, որին մահվան էին դատապարտել  1987թ.  բանտապահ Ֆրեդ Գրիֆիսի սպանության համար: Վան Փոյքը եւ նրա ընկեր Ֆրանկ Վալդեսը փորձել էին բանտից մի կալանավորի ազատել:  Վան Փոյքը բանտում գտնվելու ընթացքում երեք գիրք է գրել, ունեցել է նաեւ իր սեփական բլոգը, գրում է  lenta.ru-ն:

Հունիսի 12-ին Թեքսասում մահապատժի է ենթարկվել Էլրոյ Չեսթերը, որը մահվան էր դատապարտվել 1998թ.՝ հինգ մարդու սպանության համար: Դատարանը Չեսթերին նաեւ մեղավոր էր ճանաչել երեք բռնաբարություններում եւ հինգ կողոպուտներում: Դատավճիռն ի կատար է ածվել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է  Չեսթերի վերջին բողոքարկումը: