«Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման բանակցություններն ընթացել են Երեւանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հանուն արդար Վրաստանի» շարժման ղեկավար, նախկին վարչապետ Զուրաբ Նողայդելին։
Նրա խոսքով, Երեւանում այս հարցով բանակցությունների անցկացման մասին իրեն 2009 թ. Մոսկվայում հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Նա նաեւ նշել է, որ գիտի, թե բանակցություններին ով է կոնկրետ մասնակցել վրացական կողմից։ Դրա հետ մեկտեղ, նախկին վարչապետը կողմ է արտահայտվել Վրաստանի եւ Ռուսաստանի երկխոսությանը՝ ինչպես պետական, այնպես էլ կուսակցությունների մակարդակով։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս հաստատել է այն տեղեկությունը, որ «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման բանակցությունները Հայաստանի միջնորդությամբ ընթացել են Երեւանում։ Համաձայն փորձագետների՝ հսկիչ-անցագրային կետի բացումից հետո դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս կատարվող բեռնափոխադրումների արժեքը կիջնի 25 տոկոսով, կրկնակի կկրճատվի տարանցման վրա ծախսվող ժամանակը։




























