«Գերմանիայի Դաշնային կառավարությունը կարծում է, որ պետք է պատմաբաններից եւ գիտնականներից կազմված մի անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի Օսմանյան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունները։ Դաշնային կառավարությունն, իր հերթին, արդեն բացել եւ հասանելի է դարձրել այդ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասվում է գերմանական Բունդեստագի պատգամավորների կողմից 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հարցմանն ի պատասխան շարադրված Գերմանիայի կառավարության նամակում։
Իրենց հերթին, կառավարությանը հարցում արած պատգամավորները դժգոհ են մնացել այդ պատասխանից։ «Գերմանիայի Դաշնային կառավարության՝ 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատասխանը փախուստ է քաղաքական պատասխանատվությունից»,- հայտարարել է Բունդեստագի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ Կատրին Վերները։
Նա նշել է, որ Դաշնային կառավարությունը խուսափում է այն պատասխանից, թե «ցեղասպանությո՞ւն» են հանդիսանում արդյոք Օսմանյան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները։ «Դաշնային կառավարության դիրքորոշումը հարված է Գերմանիայի հայ համայնքին, որը մինչ օրս պայքարել է, որպեսզի իր ողբերգական ճակատագիրը ճանաչվի որպես ցեղասպանություն։ Սրանով կառավարությունը շրջանցել է նույնիսկ Բունդեստագին, որտեղ գոնե կարող էին ափսոսանք հայտնել հայերի զանգվածային կոտորածների առնչությամբ»,- նկատել է պատգամավորը։ Նրա խոսքով, Դաշնային կառավարության դիրքորոշումը պատմության մոռացում եւ քաղաքական պատասխանատվության բացակայություն է նշանակում։ «Կարելի է հարց տալ, թե Թուրքիան ինչպե՞ս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե Գերմանիայի Դաշնային կառավարությունը հրաժարվում է անել դա»,- զարմանում է Վերները։ Հետեւությունը մեկն է. անհրաժեշտ է դպրոցներում ուսումնասիրել այս ողբերգությունը,- ընդգծել է պատգամավորը։
Գերմանիայի դաշնային կառավարության նման տարօրինակ պատասխանի պատճառը բնական է, քանզի այնտեղ ապրում է շուրջ 3 միլիոն թուրք եւ ադրբեջանցի, եւ կառավարությունը չի ցանկանում ավելորդ խնդիրներ ունենալ նրանց հետ։ Բացի այդ, Գերմանիայի թուրքերը, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, քաղաքական ակտիվություն են դրսեւորում։ Այսուհանդերձ այդ երկիրը ավելի, քան եվրոպական ցանկացած պետություն, վկա ու, կարելի է ասել, մասնակից է Թուրքիայում իրագործված Մեծ ոճիրին, եւ Գերմանիայի արխիվներում հսկայական քանակությամբ վավերագրական նյութեր կան՝ Ցեղասպանության հետ կապված։ Դաշնային կառավարությունը նման հայտարարություն անելուց առաջ ճիշտ կլիներ, որ նախ ծանոթանար հարցի նախապատմությանը, փաստական տվյալներին, որոնք ցանկացած, նույնիսկ ոչ մասնագետ, ու բանից անտեղյակ մարդու մոտ կասկածի տեղիք չեն թողնում՝ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ցեղասպանության դասական օրինակ է, այլեւ առաջին ցեղասպանությունն է մարդկության նորագույն պատմության մեջ։




























