ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստել են Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը:

Համանախագահները հուլիսի 25-26-ին Կրակովում աշխատանքային հանդիպում են անցկացրել եւ պատրաստել Մադրիդյան սկզբունքների հիման նորացված փաստաթուղթը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է, թե Կրակովում համանախագահները արդյունավետ եւ ստեղծագործ քննարկումներ են ունեցել։ «Մենք ամենայն զգուշությամբ կշռադատեցինք 2007-ի նոյեմբերից՝ Մադրիդյան փաստաթղթի ներկայացումից ի վեր երկու կողմերի արտահայտած դիրքորոշումները։ Այնուհետեւ, հիմք ընդունելով 2009 թվականի հուլիսի 10-ին մեր երեք նախագահների հայտարարությամբ տրված ցուցումը, մենք պատրաստեցինք Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը»,- ասել է Բրայզան։

Համանախագահները նախ երախտագիտություն են հայտնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ում ջանքերի շնորհիվ հաջողվեց դնել Մադրիդյան փաստաթղթի հիմքերը։

«Մենք երախտապարտ ենք նաեւ նախագահ Սարգսյանին եւ արտգործնախարար Նալբանդյանին այն զգալի առաջընթացի համար, որին հաջողվեց հասնել բարդ, բայց կառուցողական քննարկումների ընթացքում։ Դրա շնորհիվ մեզ հաջողվեց հետեւում թողնել Մադրիդյան փաստաթուղթը։ Մենք այժմ հնարավորություն ունենք ավարտուն տեսքի հասցնել Հիմնարար սկզբունքները»,- ասել է ամերիկացի դիվանագետը եւ հավելել. «Ադրբեջանը նույնպես կառուցողական դիրքորոշում է ունեցել, թեեւ նախագահ Ալիեւը եւ արտգործնախարար Մամեդյարովը պաշտպանում են իրենց ազգային շահը այնպես, ինչպես դա անում են նրանց հայաստանցի պաշտոնակիցները»: