"Ամեն տարի ամերիկացիները հիշում են հարյուր հազարավոր հայերի կոտորածները Առաջին համաշխարհային պատերազմից հետո, եւ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսը ներքաշվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա դաժան երկխոսության մեջ, որի պատճառն այն հարցն է, թե կարելի՞ է 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները որակել իբրեւ ցեղասպանություն,- գրում է «The Washington Post» թերթի մեկնաբանը։
Հեղինակը հիշեցնում է այն մասին, որ Կոնգրեսի կողմից քննարկվող Ցեղասպանության մասին բանաձեւը կոչ է անում նախագահ Օբամային 1915 թվ. կոտորածները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն եւ այդ տերմինն օգտագործել իր ամենամյա ապրիլյան ելույթի ժամանակ։ Նա նշում է, որ բանաձեւը գալիս է պարզելու, թե հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվե՞լ են արդյոք հայերի էթնիկ զտումներ։ «Փաստաթուղթը նախագահ Օբամային եւ նրա երկու օգնականներին՝ փոխնախագահ Բայդենին եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին դժվար կացության մեջ է դրել, քանի որ նախկինում նրանք հանդես էին գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- նշվում է հոդվածում։
Այս բանաձեւը բորբոքել է Թուրքիայի ագրեսիան եւ ակտիվացրել նրա լոբբիստական գործունեությունը. «Թուրքական կառավարությունը վերջին տասնամյակում Վաշինգտոնում միլիոններ է ծախսում իր լոբբիստական շահերի համար. գումարների մեծ մասն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչման կանխարգելմանը»,- ասվում է հոդվածում։ Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ այս շաբաթ թուրքական խորհրդարանի անդամները ժամանել են Վաշինգտոն, որպեսզի հանդիպեն օրենսդիրների հետ եւ նրանց զգուշացնեն, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը կվատացնի երկու երկրների հարաբերությունները։



























