Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան չի լքի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։

«Մենք, իհարկե, դա չենք անի։ Սա կարևոր ինստիտուտ է»,- Deutschlandfunk ռադիոկայանի եթերում ասել է Վադեֆուլը։ Այսպիսով նա մերժել է ՄՔԴ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը։

«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում այս կոչի էությունը։ Սա վերաբերում է այն ոլորտներին, որտեղ մենք, ցավոք, իսկապես ստիպված ենք տարաձայնություններ արձանագրել ամերիկյան վարչակազմի քաղաքականության հետ»,- խոստովանել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Նա ընդգծել է, որ «այս դատական համակարգը նախկինի պես անհրաժեշտ է միջազգային մակարդակում»։ «Ուստի միանգամայն ակնհայտ է, որ այս հարցում մենք աջակցում ենք Միջազգային քրեական դատարանին»,- եզրափակել է Վադեֆուլը։

Նախօրեին Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, բոլոր երկրներին կոչ էր արել դուրս գալ ՄՔԴ-ից և այն անվանել էր «մերժված ինստիտուտ»։

Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թվականի Հռոմի կանոնադրության հիման վրա։ Այն ՄԱԿ-ի մաս չէ և հաշվետու է կանոնադրությունը վավերացրած երկրներին։ Կանոնադրության մասնակից չհանդիսացող պետությունների թվում են Ռուսաստանը (ստորագրել է, բայց չի վավերացրել), ԱՄՆ-ն (ստորագրել է, սակայն ավելի ուշ հետ է կանչել ստորագրությունը) և Չինաստանը (չի ստորագրել կանոնադրությունը)։