Առաջիկա վեց ամիսներին ներկայիս հզոր Էլ Նինյոյով պայմանավորված ծայրահեղ շոգը կարող է մոտ 451 հազար հավելյալ մահվան հանգեցնել ամբողջ աշխարհում։ Նման կանխատեսում են պատրաստել Չիկագոյի համալսարանին կից Կլիմայի ազդեցության ուսումնասիրման լաբորատորիայի և Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։ Արդյունքների մասին հայտնում է The Guardian-ը։

Ըստ գնահատականի՝ ամենամեծ կորուստները սպասվում են Նիգերիայում, Ինդոնեզիայում, Սուդանում, Հնդկաստանում և Բրազիլիայում։ ԱՄՆ-ում կանխատեսվում է շուրջ 3500 հավելյալ մահ։

Էլ Նինյոն բնական կլիմայական երևույթ է, որի ժամանակ Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածի կենտրոնական և արևելյան մասերում ջրի մակերևութային ջերմաստիճանը բարձրանում է՝ փոխելով մոլորակի բազմաթիվ շրջանների եղանակային պայմանները։ Ռիսկերը կապված չեն միայն ուղղակիորեն շոգի հետ․ Էլ Նինյոն կարող է սաստկացնել երաշտը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները։ Հաշվարկներն ընդգրկում են 2026 թվականի սեպտեմբերից մինչև 2027 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածը, սակայն շոգի պատճառով բարձր մահացությունը, հետազոտողների գնահատմամբ, կարող է պահպանվել մինչև հունիս-հուլիս։

Կանխատեսման համար մասնագետներն օգտագործել են 1996-2025 թվականների ընթացքում աշխարհի 24 378 շրջաններում ջերմաստիճանի և հավելյալ մահացության միջև կապի վերաբերյալ տվյալները՝ համադրելով դրանք Էլ Նինյոյի հետևանքով ջերմաստիճանի փոփոխության կանխատեսումների հետ։

Հետազոտողներն ընդգծում են, որ 451 հազարը կանխատեսումային գնահատական է, այլ ոչ թե ապագա մահերի ճշգրիտ թիվը։ Այն առաջարկվում է օգտագործել պաշտպանական միջոցառումներ նախապատրաստելու համար՝ շոգի առավել ճշգրիտ կանխատեսում, հովացման կենտրոնների բացում, բժշկական ծառայությունների ուժեղացում և բացօթյա աշխատող մարդկանց պաշտպանություն։

Ներկայիս Էլ Նինյոն արդեն իսկ հասել է այս երևույթի համար ռեկորդային ջերմաստիճանի՝ ակնկալվող գագաթնակետից մի քանի ամիս առաջ։ Ընդ որում, գլոբալ տաքացումն ընթանում է բնական կլիմայական ցիկլի ֆոնին և կարող է սաստկացնել դրա հետևանքները։