Դիվանագետների Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ Երևանի և սփյուռքի արձագանքը լիովին անսպասելի էր և բավական խոսուն. այն ցույց է տալիս, որ հայ հասարակությունը՝ առնվազն այն հատվածը, որն արձագանքել է դիվանագիտական այդ այցին, դեռ պատրաստ չէ խաղաղության։ Սեպտեմբերի 23-ին Երևանում ընթացող համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վասիֆ Հուսեյնովը, ով քննարկմանը մասնակցել է հեռավար ձևաչափով։
«Այն խմբերը, որոնց ես անվանում եմ ռևանշիստական և ազգայնական, նախկինի պես երազում են Ղարաբաղի, Ղարաբաղը հետ վերադարձնելու մասին։ Ուստի հայկական կողմի արձագանքը մեզ համար բավական ցավալի էր և անսպասելի։ Այդուհանդերձ, հույս ունեմ, որ այն չի խաթարի խաղաղության գործընթացը», — նշել է նա։
Փորձագետը վստահեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ հայտնելով, որ այսօր կամ վաղը Նյու Յորքում կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները։ Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի շրջանակում նոր հայտարարություններ են սպասվում երեք նախագծերի վերաբերյալ։ Այս համատեքստում նա ենթադրել է, որ դա չի ձախողի երկու երկրների միջև ընթացող խաղաղության գործընթացը։
Հուսեյնովը կրկնել է Բաքվի թեզն այն մասին, թե Հայաստանի Սահմանադրությունում իբր տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ Թուրքիային անվանելով Ադրբեջանի հիմնական դաշնակիցը, որը կիսում է այդ կարծիքը։ «Ուստի միանգամայն ակնհայտ է, որ սահմանները կբացվեն հենց որ Հայաստանը Սահմանադրությունից հանի տարածքային պահանջները։ Ես չեմ կիսում Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ հոռետեսությունը։ Կարծում եմ՝ դա լիովին հնարավոր է, և հավատում եմ, որ տեղի կունենա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում», — վստահություն է հայտնել քաղաքագետը։
Հուսեյնովը վստահեցրել է, որ TRIPP-ի գործարկումը հայ-ադրբեջանական սահմանի բացում կնշանակի հարավային հատվածում։ Նրա գնահատմամբ՝ փակ սահմանների պայմաններում TRIPP-ի գործարկումն անհնար է, քանի որ տրամաբանորեն «Թրամփի ուղու» իրականացման մեկնարկն արդեն իսկ սահմանների բացում է ենթադրում որոշակի հատվածում։
Վասիֆ Հուսեյնովը նշել է, որ այս գործընթացը պետք է ուղեկցվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության հենց հաջորդ օրն Ադրբեջանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։ Հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի, ինչպես նաև TRIPP նախագծի նախաձեռնությամբ», — նշել է փորձագետը՝ հավելելով, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ժամանակի ընթացքում վերափոխվել է TRIPP նախագծի։




























