«Ո՞վ է ասում, որ 7 շրջաններ հանձնելու մասին փաստաթուղթն արդեն ստորագրված է. նման պնդումներով հանդես եկողները, հավանաբար, գիտեն նաեւ այդ փաստաթղթի բովանդակությունը»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով, ընդդիմության այն հայտարարությունները, թե իբր Հայաստանն արդեն իսկ Ադրբեջանին է հանձնել Արցախի 7 շրջանները, ոչ այլ ինչ են, եթե ոչ միջազգային հանրությանն ուղղված յուրահատուկ մեսիջ. «Նմանօրինակ հայտարարություններով նրանք ցանկանում են ասել, որ եթե անգամ իշխանության գան, միեւնույնն է, անկարող կլինեն վիճակը փոխել, քանի որ տարածքներն, իբրեւ թե, արդեն հանձնված են։ Սա դրսին ուղղված մեսիջ է, որով ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանին հանձնել այդ 7 շրջանները, ուրանալ Ցեղասպանության հարցը, եւ որպես մեղավոր մատնանշել իշխանություններին»,- համոզմունք հայտնեց ՀՀ նախագահի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ տարածքներ հանձնելու հարցը փակված է դեռեւս 1992 թվականից, երբ Գերագույն խորհրդի որոշմամբ հաստատվեց, որ որեւէ մեկը երբեւէ իրավունք չունի ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը կարող է գտնվել Ադրբեջանի կազմում։

Գ. Իսագուլյանի համոզմամբ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում այժմ նոր էտապ է սկսվում, ինչի մասին վկայում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որով նա բացառում է հարցի լուծումն առանց Ղարաբաղի մասնակցության։

«Հայաստանը տարածքներ վերադարձնող պետություն չէ, որովհետեւ ոչ ոքից տարածքներ չի գրավել»,- ամփոփեց նա։