Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթն իրականացրել է օրենսդրության կոպիտ խախտումներով: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«18.06.2013թ. ՀՀ ՏՄՊՊ Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում  «Դոմինո Փրոդաքշն» ընկերության վերաբերյալ՝ վերջինիս գործողությունները որակելով որպես  «անբարեղիճ մրցակցության դրսեւորում»:

Հանձնաժողովին ներկայացված ապացույցների, մեր կողմից բերված փաստարկների ուժով հիմնավորված է, որ ոչ միայն մրցակցություն, այլեւ անբարեխիղճ մրցակցություն չկա եւ չի կարող լինել, եւ որ իրականում վեճը գտնվում է այլ հարթությունում` Արամ Հարությունյան եւ Աշոտ Առաքելյան անձանց միջեւ  որպես նախկին գործընկերներ, ինչը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից:

Հանձնաժողովը ոչ միայն չի ընկալել այս կարեւոր եւ ակնառու հանգամանքը, այլեւ վարչական վարույթն իրականացրել է օրենսդրության կոպիտ խախտումներով, ինչը փաստում ենք ցավով:

Հանձնաժողովի  որոշումը վերջնական չէ, այն ենթակա է բողոքարկման դատական կարգով:

 Ուստի հաշվի առնելով, որ առջեւում կսկսվի դատական գործընթաց, կոչ ենք անում ձեզ ձեռնպահ մնալ վաղաժամ որակումներից եւ համբերությամբ սպասել խնդրի իրավական եւ օբյեկտիվ հանգուցալուծմանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է ներկայացրել դիմում ընդդեմ «Դոմինո Վիդեո» ընկերության: Դիմումում նշվել է, որ 2009 թ. Ա. Հարությունյանը Ֆրանսիայի քաղաքացի Սեւակ Սերոբյանի եւ Աշոտ Առաքելյանի հետ ստեղծել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34, 33 եւ 33 տոկոս բաժնեմասերով: Գործունեության երկու տարիների ընթացքում ընկերությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում նաեւ Երեւանի Ազատության հրապարակում «Գոհար» եւ «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերի կազմակերպումը:

Սակայն հիմնադիրների միջեւ ծագած անհաշտության արդյունքում 2013 թ. փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում:  Արամ Հարությունյանը հայտնել է, որ այդ որոշումից մեկ ամիս էլ չանցած՝ հիմնադիրներից մեկը՝  Աշոտ Առաքելյանը, ստեղծել եւ գրանցել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ  եւ լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը, եւ, փաստորեն, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործել «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի»  բարի համբավը:      

ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ հաստատվել է հետեւյալը. «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» իրականացրած աշխատանքները՝ տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաեւ մրցանակները, որպես «Դոմինո Փրոդաքշնի» աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաեւ կեղծ տեղեկություներ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:

Նիստում որոշվեց «Դոմինո Փրոդաքշն» ընկերությանը տուգանել տարեկան հասույթի 1%-ի չափով:

ՏՄՊՊՀ նիստին մասնակցող «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության ներկայացուցիչն ասաց, որ պատասխանող ընկերութունն ընդունել է, որ օգտագործել է այլ ընկերության հեղինակային արժեքները, սակայն պատճառաբանել է, որ դրանք պատկանում են Աշոտ Առաքելյանին, որպես «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» հիմնադիրներից մեկը: Սակայն այդ իրավունքի ապացույցներ չեն ներկայացվել:

ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը նշել է, որ մինչեւ վերջ «Դոմինո Փրոդաքշնը» չի ընդունել իր մեղքը եւ քայլեր չի արել հաշտվել դիմումատուի հետ, ինչն էլ պատճառ է դարձել բավական խիստ տուգանքի նշանակմանը: