Երեւանում, հուլիսի 1–ին, «Օրենջ Թրեյդինգ» եւ «Սոլյուշնս» կազմակերպությունների նախաձեռնությամբ, տեղի կունենա նոր եւ թարմ գաղափարներով ու ելույթներով հագեցած ֆորում` նվիրված Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

Ֆորումին կմասնակցեն բազմաթիվ դեսպանատների, հյուպատոսարանների, ինչպես նաեւ Երեւանում խոշոր մշակութային եւ ժամանցային կենտրոնների ներկայացուցիչներ:

Ելույթ ունեցողների եւ մասնակիցների թվին են պատկանում Բժշկական տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն, Հայաստանում ավստրիական ավիաուղիների տնօրեն Լուկաս Նեգեդլին, տեղական ու արտասահմանյան տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ:

Հաջորդ օրը` հուլիսի 2–ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեծ շուքով տեղի կունենա «Հայաստանի Այցելուների Կենտրոն»-ի բացման հանդիսավոր արարողությունը:

Տաղավարը իրենից ներկայացնելու է մի լայնամաշտաբ ինֆորմացիոն հարթակ, որտեղ Երեւան այցելող բոլոր զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու ստանալ բազմապիսի տպագիր, ինչպես նաեւ բանավոր ինֆորմացիա Երեւանի ու առհասարակ Հայաստանի մասին: Այստեղ տուրիզմի ոլորտին քաջատեղյակ աշխատակիցների օգնությամբ մեր երկրի հյուրերը կկարողանան արդեն պլանավորել իրենց հանգստյան օրերը,  պատկերացում կազմել Երեւանում գտնվող ժամանցային, մշակութային ու կրթական կենտրոնների մասին:

«Հայաստանի Այցելուների Կենտրոնի» բացումը կարեւոր է այնքանով որ այն հանդիսանալու է մի փոքրիկ ու կարեւոր ինֆորմացիոն կամուրջ Հայաստանում գոյություն ունեցող ապրանքների ու ծառայությունների, մշակութային, ժամանցային, կրթական ու բարեգործական, պետական ու մասնավոր կառույցների եւ զբոսաշրջիկի միջեւ: