Վրաստանի ՆԳՆ գաղտնի արխիվում պահպանվում են 12 888 տեսաերիզներ, որոնցից 54-ը վերաբերում են քաղաքացիների անձնական կյանքին: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, բրիֆինգում հայտնել է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» (TIG) կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին:
Նա նշել է, որ տեսանյութերում կան քաղաքական առաջնորդներ, հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներ: Ձայնագրությունները կատարվել են նրանց գրասենյակներում: Միկրոտեսախցիկները, որպես կանոն, տեղադրվել են ուղարկված գործակալի հագուստի վրա:
Ինչ վերաբերում է մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեսանյութերին, ապա Գիգաուրիի խոսքով՝ դրանք արվել են հյուրանոցներում կամ մասնավոր բնակարաններում: Նա ընդգծել է, որ այդ տեսագրությունների մի մասը կիրակի, ժամը 15-ին կոչնչացվի:
«Փաստացի այդ տեսագրություններով իշխանությունները կարող էին տեղեկանալ ընդդիմության բոլոր պլանների մասին: Այն, որ ընդդիմության նկատմամբ տոտալ լրտեսություն է կատարվել, ճշմարիտ է դուրս եկել եւ մենք ունենք ապացույցներ»,-հայտարարել է Գիգաուրին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:




























