Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` մարտի 4-ի նիստի որոշմամբ ստեղծել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն, նաեւ հաստատվել է այդ տեսչության կանոնադրությունը եւ կառուցվածքը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա առաջին քայլն է Հայաստանում աուդիտորական ծառայություն ստեղծելու ճանապարհին: Այս փուլում մեծացվում է աուդիտորական հսկողության կարողությունը, իսկ առաջիկայում կառավարությունը կդիմի օրենսդրական մարմին` ստեղծելու ինքնուրույն մարմին: Վարչապետն ընդգծել է աուդիտորական ընկերությունների եւ հատկապես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների իրազեկումը կազմակերպելու անհրաժեշտությունը:

Կառավարությունը հաստատել է Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը, որի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ փաստաթուղթն ստեղծվել է երկարատեւ եւ համակողմանի քննարկման, բուռն բանավեճի արդյունքում եւ կնպաստի տնօրենի ընտրության գործընթացի թափանցիկությանն ու վերահսկելիությանը: