Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազա ստեղծելու դեպքում այն կարող է կոչվել «Ֆորտ Թրամփ»։ Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Bloomberg-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։

Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ու Վարշավան շուտով կավարտեն նախագծի նախապատրաստումը։ Նավրոցկու խոսքով՝ բազայի ստեղծումն ընդամենը ժամանակի հարց է, իսկ շինարարությունը նա կուզենար ավարտել մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը (2029 թվականը)։

«Երբ երկու երկրների կառավարություններն ավարտեն աշխատանքը, կարծում եմ՝ նախագահ Թրամփն անձամբ կմասնակցի «Ֆորտ Թրամփի» բացմանը»,- նշել է Նավրոցկին։

Նա նաև հավելել է, որ Լեհաստանը պատրաստ է ընդունել ամերիկացի զինվորականներին, եթե ԱՄՆ-ն կրճատի Գերմանիայում տեղակայված իր զորախումբը։