Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայասանի գլխավոր դատախազությունից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ.Նազարյանը իր եղբոր` Կ.Նազարյանի եւ հորաքրոջ որդու` Ա.Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ԱԳԲ տեսուչ Ա.Շահենյանի, ՊԲ տեղամասային տեսուչ Ա.Հակոբյանի, ՊՊԾ դասակի ոստիկան Կ.Ալեքսանյանի եւ հերթապահ մասի վարորդ Վ.Եփրեմյանի հետ: Չենթարկվելով իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախաքննության տվյալների համաձայն, Նազարյան եղբայրները բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել իրավապահներին, հայհոյել, իսկ Գ. եւ Կ.Նազարյանները նաեւ սպառնացել են, որ տեսուչ Ա.Շահենյանի հաշվեցուցակային զենքը կվերցնեն եւ դրանով նրան կվնասեն:

Բացի այդ, բերման ենթարկելու օրինական գործողություններին դիմադրելու նպատակով Նազարյանները հարվածել են ոստիկանության աշխատակիցներ Կ.Ալեքսանյանին եւ Ա.Շահենյանին, պոկել վերջինիս ուսադիրը եւ թեւի տարբերանշանը:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ., Կ., եւ Ա.Նազարյաններին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: