Հունիսի 19-ին ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ԱԺ-ից:
Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է առողջապահության, մայրության, մանկության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները, իրականացվող օրենսդրական բարեփոխումները:
Ջակաբը ներկայացրել է իրենց հիմնական խնդիրները եւ այցի հիմնական նպատակը: Ժուժաննա Ջակաբի խոսքով՝ իրենց այցի հիմնական նպատակներից է նաեւ առողջապահության ոլորտում աջակցել օրենսդրական նախաձեռնություններին, համագործակցել Ազգային ժողովի հետ: Նա ասել է, որ ԱՀԿ-ի Բարսելոնայի գրասենյակը պատրաստ է աջակցելու Հայաստանին առողջապահության բնագավառի ֆինանսավորման եւ արդյունավետ համակարգի ձեւավորման հարցում: Նրա համոզմամբ՝ հիմնական շեշտը պետք է դնել հիվանդությունների արագ կանխարգելման եւ վաղ հայտնաբերման, հանրային առողջապահական ծրագրերի իրագործման վրա՝ կարեւորելով ծխախոտի դեմ պայքարի միջոցները:
Արա Բաբլոյանը նշել է, որ Ազգային ժողովը որ բազմաթիվ օրենքներ է ընդունել ոլորտի բարեփոխումների իրականացման համատեքստում, սակայն այդ բնագավառում դեռեւս կան անելիքներ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող օրենսդրության մեջ ՝ քայլեր կատարելով խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ-ում առկա է ընդգրկվածության բարձր աստիճան, եւ իրենք գոհ են ցուցանիշներից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառին առնչվող բազմաթիվ հարցեր:




























