Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 4-ին Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ:

Գրքի շնորհանդեսի սկզբում վարչապետը հանդես է եկել բացման խոսքով եւ նշել, որ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների համար այս գիրքը կարող է դասագիրք լինել այն մասին, թե ինչպես է պետք կազմակերպել, կառուցել քաղաքական կյանքը եւ հասնել հաջողությունների:

Ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը եւ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: