Չի բացառվում, որ  օֆշորային սկանդալը փորձում են կոտրել գործարար Աշոտ Սուքիասյանի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ օֆշորի դեպքում գործ ունենք մի երեւույթի հետ, երբ միջազգային ընկերությունները պետության եւ պետականության նշանակությունը իջեցնում են, եթե սկսում են օֆշորից օգտվել,  դա խոսում է այն մասին, որ հայկական քաղաքական  էլիտան մտել է  եւ փողերի լվացման, եւ ֆինանսական ճգնաժամի հասցնելու մեջ, հաշվի չի առնվել  պետական շահը։ «Անգամ եթե դա ճշմարտություն է, արժանահավատ չէ, որ ինքն է գրանցել, ցանկացած նամակ ոչ մեկին չի համոզելու»,- ասաց Լարիսա Ալավերդյանը, նշելով, որ տխուր տպավորություն է ստացել Աշոտ Սուքիասյանի հրապարակած նամակից:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, նշեց, որ մինչ այդ պետք է կապիտալի նախնական կուտակում լինի, որը չի լինում բարեհամբույր ձեւով, բայց դա կարելի է անել մեղմ ձեւով, «օֆշորը ստեղծված է  փողի համար, որ նա ունենա տեղաշարժվելու իրավունք,  օֆշորում գտնվելու պարագան մեծապես կնպաստի տվյալ երկրում գործունեության զարգացմանը»։

Մեր հարցին, թե հնարավոր է վարչապետի եւ Նավասարդ Կճոյանի անունով մեկ այլ անձ ընկերություն գրանցի օֆշորում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ջանդամին գրանցեն։ Երբեւէ չեմ գրանցել, չեմ մտել այդ երեւույթների մեջ, հնարավորություններ կան, չգիտեմ։ Ինձ թվում է, որ ես ուժեղ մարդ եմ, բայց կարող է գնան իմ անունից գնան բացեն, դա թուլության նշան է»,- ասաց նա՝ հավելելով, որ գրանցել-չգրանցելու հարցերը երկրորդական են։

Նշենք, որ ոստիկանությունում որոշում է կայացրել դեռեւս 2012թ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ ներգրավել Աշոտ Սուքիասյանին: Եվ քանի որ նրա գտնվելու վայրը անհայտ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:  Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը) հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Նշվել էր նաեւ, որ հենց գործարար Աշոտ Սուքիասյանն է «Բենթլի» մակնիշի մեքենա նվիրել Նավասարդ Կճոյանին: