Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 20-ին շարունակվել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավարությունը, որտեղ ցուցմունք է տվել ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը: Նա հայտարարել է, որ ընդամենը նպատակ է ունեցել վախեցնել տուժողին, հաղորդում է «Փաստինֆոն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր դատաքննական իր ցուցմունքում ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը ցանկացել է օդ կրակել, սակայն Պ.Հայրիկյանի անկանոն շարժումների հետեւանքով առաջին կրակոցն անզգուշաբար դիպել է վերջինիս: Ըստ նրա, տուժողն աղմուկ-աղաղակ էր բարձրացրել, օգնություն էր կանչում, ինքը ասել է՝ «սո՛ւս», սակայն Պ.Հայրիկյանը չի լռել, ինքը երկրորդ անգամ է կրակել ու հեռացել:

Ամբաստանյալը հայտարարեց, որ Սամվել Հարությունյանն իրեն ասել է՝ «մարդ պետք է վախեցնել», սակայն որեւէ այլ մանրամասն չի նշել, ապա մի քանի օր անց ասել է, որ այդ մարդը Պարույր Հայրիկյանն է, սակայն նորից չի նշել, թե ում եւ ինչի համար է դա պետք: Ըստ ամբաստանյալի տեղեկությունների, Պ.Հայրիկյանը «մարդու պաշտպանի գրասենյակի պետ է»: Մահափորձի երկրորդ օրն, ըստ ամբաստանյալի, Ս.Հարությունյանն իրեն ասել է, որ «եթե մեզ բռնեն, պետք է ասենք, որ Վարդան Սեդրակյանն է ասել»՝ ամբաստանյալի պատկերացմամբ, Վ.Սեդրակյանը ՀՀ նախագահի թեկնածու է, իրենց կօգնի: Այն ժամանակ իրենք չեն հասկացել, որ Վ.Սեդրակյանը չէր կարող իրենց օգնել, հակառակը ինքն էլ կներքաշվեր քրեական գործի մեջ:

Խ.Պողոսյանը հայտնեց, որ անցյալ դարի 90-ական թվականներին ձեռք է բերել «Նագան» տեսակի ատրճանակ, փորձարկել է, տեսել է, որ «գմփում» է՝ դա բավարար էր Պ.Հայրիկյանին վախեցնելու համար: Որպես խլացուցիչ օգտագործել է պլաստիկ շիշը:

Նիստին ներկա տուժող Պարույր Հայրիկյանի հարցին, թե, արդյո՞ք, Վ.Սեդրակյանի մասնակցության մասով ցուցմունք փոխելը պայմանավորված է ընտանիքի համար, քրեական աշխարհից ու քննիչներից վախով՝ ամբաստանյալը բացասական պատասխան տվեց: