Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված  մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ըստ քննության, 20-ամյա զինծառայող, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով սպանել էր պահակախմբում ընդգրկված 19-ամյա ծառայակից Լյուքս Ստեփանյանին եւ գլխից ծանր վիրավորել 19-ամյա Հրաչյա Սարգսյանին, ինչից հետո սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ, որին խոչընդոտել էին ռազմական ոստիկանության աշխատակիցները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն եւ  նշանակվել է ծառայողական քննություն:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել, որ պահակային ծառայություն իրականացնող զինվորներին հսկող սպան` տվյալ մարտկոցի հրամանատարը, դեպքի պահին պահակատանը չի եղել: Թե ուր է եղել նա` պաշտոնապես չի հաղորդվում: «Իր գործն արդեն առանձին քրեականով կգնա: Պահակային եւ կայազորային ծառայության կանոնագիրքը, ունենալով օրենքի ուժ, ենթադրում է, որ պահակային ծառայության թերացման ժամանակ պատասխանատու անձը կարող է ենթարկվել նաեւ քրեական պատասխանատվության, եթե դա հիմնավորվի», - ասել է նա:

«Տվյալ գնդի հրամանատարի տեղակալները երկու, շտաբի պետը գնդի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը ազատվել են պաշտոնից, պաշտոնից ազատվել են նաեւ տվյալ ստորաբաժանման, այսինքն՝ դիվիզիոնի հրամանատարը, հրամանատարի տեղակալները», - փոխանցել է Հովհաննիսյանը:

Բացի պահակակետը հսկող սպայից, պաշտոնանկ արված մյուս զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պաշտպանության նախարարությունը չի տեսնում: «Քրեական պատասխանատվության ենթարկելու հարց այս պահին ծառայողական քննությունը չի գտել, որովհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր կոնկրետ հանցագործություն կատարում կամ անգործություն են թույլատրում հանցագործության կատարման համար: Իսկ այս դեպքում մարդիկ տեղում չեն եղել, մարդիկ անմիջապես ներգործություն չեն ունեցել հանցագործության վրա», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ գլխից ծանր վիրավորված զինվորը` Հրաչյա Սարգսյանը գիտակցության եկել է, սակայն նրա մարմնի ձախ հատվածը չի աշխատում: