Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում մեկնարկել են թվով 14 հենապատերի հիմնանորոգման եւ եւս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Նոր հենապատերից մեկը կառուցվում է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 8 հենապատերի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ըստ անհրաժեշտության  բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարեւանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը եւ հենապատերի հնարավոր քայքայումը: Ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոս ամիսը: