Երեւանի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու եւ հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաեւ նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանվել է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 144 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ եւ սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 299 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին լուծումները տրվել են տեղում, մյուս մասն ընթացքի մեջ է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը նշել է, որ ընթացքի մեջ գտնվող հարցերը հիմնականում կապված են քաղաքապետարանի տարեկան ծրագրային աշխատանքների հետ եւ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է իրականացվում դրանց կատարման ընթացքի նկատմամբ:
Նշենք նաեւ, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների եւ վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով անձնագիր: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:




























