Որեւէ հայ պաշտոնյա իրավունք չունի հայրենի հողի որեւէ հատված «բուֆեր», «անվտանգության գոտի» կամ «օկուպացված շրջան» կոչել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«ԼՂՀ-ն Հայաստանից առանձնացվել է եւ այսօր էլ շարունակում է իր ձեւական գոյությունը ոչ թե պատերազմի հաղթական արդյունքները դիվանագիտորեն ամրագրելու, այլ ճիշտ հակառակ` Արցախի տարածքը բանակցային սակարկությունների առարկա դարձնելու, ամբողջությամբ կամ մեծամասամբ հակառակորդին հանձնելու եւ այդ դավաճանության պատասխանատվությունը Ստեփանակերտի դրածո վարչախմբի վրա բարդելու նպատակով:

«Հայազն» կուսակցության այս համոզմունքը եւս մեկ անգամ հաստատվում է Արցախի արտաքին քաղաքականության ղեկավար ներկայացող Կարեն Միրզոյանի ֆրանսիական հեռուստատեսությունում կատարած հայտարարություններով: Դրանցով հոդս է ցնդում քարոզվող այն պատրանքը, թե Արցախն իբր ավելի անզիջում կլինի, եթե լինի անկախ եւ ինքնուրույն բանակցային կողմ:

Բանակցային գործընթացի բոլոր տարիներին պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը համաձայնվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած կարգավորման հիմնարար սկզբունքներին եւ դրանց հիման վրա մշակված տարբերակներին: Կարեն Միրզոյանի խոսքերը նույնպես ուղղակիորեն բխում են այսպես կոչված ներկայիս` Մադրիդյան սկզբունքներից, որոնք հայ հանրությունը հստակ մերժել է: Ոչ այս, ոչ նախորդ դեպքերում զիջումները չեն եղել արտաքին ճնշման արդյունք, այլ բխել են Երրորդ Հանրապետության առաջին իսկ օրերից որդեգրված օտարամոլ եւ արտաքնատու ռազմավարությունից:

Որեւէ հայ պաշտոնյա իրավունք չունի անգամ քննարկելու Արցախն Ադրբեջանին հանձնելու որեւէ հեռանկար, առավել եւս, նման «հույսը» կամ «հեռանկարը» պայմանավորել Ադրբեջանում ժողովրդավարության ու հանդուրժողականության հաստատմամբ: Որեւէ հայ պաշտոնյա իրավունք չունի հայրենի հողի որեւէ հատված «բուֆեր», «անվտանգության գոտի» կամ «օկուպացված շրջան» կոչել:

Ցավոք, նման արտահայտությունները պարբերաբար շարունակում են հանրային զայրույթի պատճառ դառնալ:

Մենք խստագույնս դատապարտում ենք ինչպես տվյալ դիվանագետի առանձին հայտարարությունները, այնպես էլ իշխող վարչախմբի Արցախյան խնդրին վերաբերող ապազգային դիրքորոշումն ընդհանրապես:

«Հայազնը» համոզված է, որ Արցախյան հիմնախնդիրը չի կարող ունենալ միջազգային լուծում: Պատերազմի աճող սպառնալիքի պայմաններում հիմնախնդրի հայկական լուծումը ենթադրում է.

• Արցախի պաշտոնական ընդգրկումը ՀՀ կազմ՝ ներկայիս ողջ տարածքով:

• Արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնում:

• Պատերազմի պատճառով թերբնակեցված շրջանների արագ եւ լիարժեք բնակեցում:

• Հավանական պատերազմի դեպքում Ադրբեջանին բռնակցված մյուս շրջանների` մասնավորապես Գանձակի եւ Նախիջեւանի ազատագրում եւ պաշտպանական հայեցակարգի համապատասխանեցում այդ նպատակներին»: