«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մայրաքաղաքում իրականացվող «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեության ու սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար եւ նշել, որ սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրն իսկապես սպասված էր. «2001թ.-ից ի վեր հիմնադրամի կողմից ծավալած մարդասիրական գործունեության արդյունքում բավականին արդյունավետ ծրագրեր են իրականացվել, որոնք իսկապես արժանի են գնահատանքի: Եվ իմ ու մայրաքաղաքի, հատկապես՝ «Հույսի ավանի» բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ բարեգործական եւ անձնվեր աշխատանքի համար: Վստահ եմ, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերը կլինեն շարունակական»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեգործական ծրագրերին մշտապես աջակցելու համար` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել է, որ հիմնադրամի ծրագրերն անպայման կլինեն շարունակական: Պարույր Ջանբազյանը նաեւ հավելել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում ավարտին հասցնել բարեգործական ծրագիրը եւ ավելացնել սոցիալապես անապահով 76 ընտանիքների համար արդեն իսկ կառուցված բնակարանների թիվը:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։




























