«Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի ամերիկյան վարչակազմը եւ Ամերիկայի հրեական համայնքը նախկին աշխուժությամբ դեմ չեն Կոնգրեսի գործողություններին, ապա վերջինս, ամենայն հավանականությամբ, այսօր դրական պատասխան կտա բանաձեւի ընդունմանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով այսօր՝ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման փաստը։
Նշելով, որ բանաձեւի ընդունմանը որոշ չափով կարող է օգնել նաեւ ԱՄՆ-ում գտնվող հայ չորս պատգամավորների՝ Վահան Հովհաննիսյանի (ՀՅԴ), Արտակ Զաքարյանի (ՀՀԿ), Արմեն Մելիքյանի (ԲՀԿ) եւ Կորյուն Նահապետյանի (անկախ պատգամավոր) ներկայությունը, Կ. Մանոյանը համոզմունք հայտնեց, որ բանաձեւի ընդունմանը խոչընդոտ չեն կարող հանդիսանալ անգամ գործընթացը տապալելու նպատակով Թուրքիայից ԱՄՆ գործուղված պատվիրակության գործողություններն ու այդ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ Օբամային կատարած հեռախոսազանգը. «Հնարավոր է՝ նրանք կարողանան համոզել մեկ-երկու պատգամավորների, բայց բանաձեւի վերջնական ընդունման վրա չեն կարող ազդել», ամփոփեց ՀՅԴ գործիչը։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։



























