Խնդիրը մարդկանց պատժելը չէ, խնդիրն այնպես անելն է, որ մարդկանց մոտ խախտում անելու գայթակղությունը նվազի, հեշտ խնդիր չէ։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին:

Նա շեշտեց, որ քաղաքական մեծամասնությունը ձեռնամուխ է եղել իր իսկ գործունեության արատների դեմ պայքարելու խնդրին, ինչը անթաքույց ներկայացվում է։ «Դրա վերջին քննարկումները պառլամենտի պատմության մեջ ամենահաջողվածն էին: Ոչինչ, ինչ է պատահել, որ Վերահսկիչ պալատը երբեմն քաղաքական գնահատականներ է տվել, լուրջ խնդիր ենք քննարկել»,- նշեց նա։

Պատգամավորը վստահ է, որ այդ բացահայտումները կգնան Գլխավոր դատախազություն, լիքը մարդիկ մեջ տեղ գնան, նա սփոփում է՝ ասելով ՝ «լավ է ուշ, քան՝ երբեք»:

Խոսրով Հարությունյանը շեշտեց երկու կարեւոր խնդիր, որոնցից մեկը պատժի անխուսափելիության ինստիտուտի վերականգնումն է, այնպես անել, որ խախտում անելու հնարավորությունը նվազի։

Մյուս կողմից էլ, անհրաժեշտ են այնպիսի կարգավորումներ, որոնք որեւէ չինովնիկի հնարավորություն չեն տա չարաշահումներ անել։ «Այս քննարկումները հանրության մոտ որոշ սպասելիքներ ձեւավորեցին։ Եթե պարզվի, որ այս քննարկումների արդյունքում ժողովրդի համար հուսադրող բան չեղավ, իրավիճակ չդրսեւորվեց, ընդդիմադիր գործիչները ճիշտ դուրս կգան, որ սա շոու էր, եթե ոչ, կպարզվի, որ շոու չէր»,- նշեց նա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am