Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխանատուների հետ կազմակերպվել է հանդիպում, որտեղ քննարկվել են էներգախնայողության եւ այլընտրանքային էներգետիկա օգտագործելու հնարավորությունները:
Գազի թանկացման գործոնը էներգախնայողությունը դարձրեց առավել օրախնդիր՝ սպառողական առանց այն էլ կիսադատարկ զամբյուղին հնարավորինս խնայողական վերաբերվելու համար։ Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը անմիջապես դիմեց Կառավարությանը համապատասխան քայլեր մշակելու սպասվող դժվարությունները մեղմելու համար։ Միությունը իր հերթին առաջին հանդիպումը կազմակերպեց Էկոնոմիկայի նախարարության հետ խնդիրներն ու անելիքնեը համակարգելու։ Եվ ահա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխանատուների հետ կազմակերպվեց հերթական հանդիպումը, որին մասնակցում էին ՄԱԿ–ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ, գործարարներ, խնդրով շահագրգիռ մասնագետներ։
Որպես էներգախնայողության կարեւոր գործոններ նշվեցին վերականգնողական այլընտրանքային էներգետիկայի ( արեւային եւ քամու էներգիան ) օգտագործելու, նոր տեխնոլոգիաներ եւ նվազ էներգատար սարքավորումներ ներդնելու, ջերմամեկուսացման համալիր միջոցներ կիրառելու եւ այլ հնարավորոււթյունները։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության վարչության պետ Հրաչ Ծուղունյանի կարծիքով առաջին հերթին անհրաժեշտ է փաստագրել, թե հանրապետությունում էներգիայի որ տեսակը ինչքանով եւ ինչ արդյունավետությամբ է օգտագործվում եւ ըստ այդմ էլ քայլեր մշակել։ ՄԱԿ–ի Արդյունաբերական զարգազման կազմակերպության պատասխանատուներ Մարկ Դրայեկը, Օլգա Գորդիեւսկայան եւ Անահիտ Սիմոնյանը , որպես խնայողության գործոն, նշեցին, որ իրենց կազմակերպությունը նախատեսել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող եւ հոկտեմբերին մեկնարկող «Փոքր տեխնոլոգիաներ ՓՄՁ–ների համար» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության զարգացումը։
ՀԱԳ(Գ)Մ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հրապարակեց մասնագետների կարծիքը, որ նույնիսկ զուտ կազմակերպչական միջոցներով հնարավոր է ապահովել 25–30 տոկոս էներգախնայողություն՝ հավելելով, որ Միությունը այս խնդրով հետեւողականորեն շարունակելու է քննարկումները։




























